Հաճախակի տրվող հարցեր ԵՎ պատասխաններ

Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները ......

  • 1. Ե՞րբ են նախատեսված խորհրդարանական ընտրությունները Հայաստանում։
    Ընտրությունները նախատեսված է անցկացնել 2017թ. ապրիլի 2-ին։
  • 2. Ի՞նչ է նշանակում ընտրությունների դիտարկում:
    Ընտրությունների դիտարկում ասելով հասկանում ենք քվեարկության օրվա գործընթացների օրինականության նկատմամբ հանրային վերահսկողություն:
  • 3. Ի՞նչու է անհրաժեշտ ընտրությունների դիտարկումը:
    Ընտրական գործընթացների նկատմամբ դիտարկումը կամ հանրային վերահսկողությունը կարևոր է, որպեսզի կանխարգելվեն ընտրախախտումները և ընտրակեղծարարությունը:
  • 4. Ի՞նչպես է հնարավոր իրականացնել քվեարկության դիտարկում:
    Քվեարկության օրվա գործընթացները կարելի է դիտարկել՝ միանալով հասարակական կազմակերպությունների միջոցով իրականացվող դիտորդական առաքելություններին:
  • 5. Ո՞վ կարող է մասնակցել ընտրությունների դիտարկմանը։
    Դիտորդ կարող է դառնալ յուրաքանչյուր անձ՝ անկախ քաղաքացիությունից, ազգությունից և տարիքից, սակայն գերադասելի է, որ դիտորդը լինի 18 տարին լրացած անձ։
  • 6. Ո՞վ չի կարող մասնակցել ընտրությունների դիտարկմանը։
    Ընտրությունների դիտարկումը չեզոք և ապաքաղաքական գործընթաց է, ուստի դրան չեն կարող մասնակցել կուսակցությունների կառավարման մարմիններում ներգրավված կամ կուսակցության հետ ուղղակիորեն ասոցացվող անձինք:
  • 7. Արդյո՞ք հայերենի իմացությունը պարտադիր է դիտորդ լինելու համար։
    Դիտորդ լինելու համար հայերենի պարտադիր իմացության մասին օրենսդրական պահանջ չկա։
  • 8. Ի՞նչ է պետք է անել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում դիտորդ դառնալու համար։
    Դիտորդ դառնալու համար անհրաժեշտ է՝
    • լրացնել առցանց գրանցման հայտը,
    • անցնել ընտրական օրենսդրության հեռակա դասընթաց տեսանյութերի միջոցով,
    • ժամանել Հայաստան ընտրություններից առնվազն 3 օր առաջ,
    • ստանալ կազմակերպիչների կողմից լրացուցիչ հրահանգներ,
    • մասնակցել քվեարկության գործընթացի դիտարկմանը բուն ընտրության օրը,
    • օրվա ընթացքում SMS հաղորդագրությունների միջոցով հաղորդել ընտրախախտումների մասին,
    • խախտումների առկայության դեպքում մասնակցել դրանց բողոքարկմանը։
  • 9. Ե՞րբ է հասարակական կազմակերպության կողմից դիտորդների հավաքագրման վերջնաժամկետը։
    Դիտորդների հավաքագրման վերջնաժամկետն է 2017թ. մարտի 10-ը՝ մինչև մարտի 18-ը անունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու և հավատարմագրում ստանալու համար:
  • 10. Արդյո՞ք դիտորդները պետք է քննություն հանձնեն:
    Ոչ, դիտորդների համար քննություն նախատեսված չէ։
  • 11. Արդյո՞ք դիտորդները պետք է անցնեն վերապատրաստման դասընթաց։
    Այո, դիտորդները պետք է անցնեն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից իրականացվող հեռակա տեսադասընթաց` ընտրական օրենսդրության, ընտրախախտումների, դիտորդների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև դիտորդների կողմից բարձրացվող հարցերի մասին:
  • 12. Ե՞րբ է նախատեսված իրականացնել դասընթացը, որքա՞ն տևողությամբ և ինչ լեզվով:
    Դիտարկման առցանց դասընթացը նախատեսվում է իրականացնել 2017թ. մարտի սկզբին: Այն տևելու է 2-3 ժամ: Դասընթացի լեզուն հայերեն է՝ անգլերեն թարգմանությամբ կամ տողատակերով։
  • 13. Կան արդյո՞ք էթիկայի կանոններ, որոնց պետք է ենթարկվեն դիտորդները։
    Դիտորդը պետք է լինի անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտի կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորի իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:
  • 14. Արդյո՞ք անհրաժեշտ է գրանցել օտարերկրյա քաղաքացիների այցելությունը համապատասխան երկրների դեսպանատներում։
    Ոչ, ՀՀ-ում գտնվելու ողջ ժամանակահատվածում դեսպանատանը կամ ՀՀ որևէ պետական մարմնում գրանցվել պետք չէ: Սակայն 120 օրից ավելի մնալու դեպքում պետք է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն։
  • 15. Որքա՞ն ժամանակ դիտորդները պետք է մնան Հայաստանում։
    Նախընտրելի է, որ դիտորդները Հայաստանում լինեն մոտ մեկ շաբաթ. ժամանեն քվեարկությունից առնվազն 3 օր առաջ և մնան ընտրություններից հետո ևս 2-3 օր՝ մասնակցելու ընտրախախտումների բողոքարկման գործընթացներին։
  • 16. Ինչպե՞ս է կազմակերպվելու դիտորդների այցելությունը Հայաստան։
    Արտերկրից ժամանող դիտորդներն իրենք են հոգում փոխադրման հետ կապված հարցերը և ծախսերը:
  • 17. Ինչպե՞ս է կազմակերպվելու դիտորդների կացությունը Հայաստանում։
    Դիտորդները իրենք են կազմակերպում Հայաստանում իրենց ժամանակավոր կացության հարցերը և հոգում դրանց հետ կապված ծախսերը։
  • 18. Ինչպե՞ս է իրականացվելու դիտորդությանը վերաբերող լոգիստիկան։
    «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կհոգա դիտորդների՝ կացության վայրից (հյուրանոց, բնակարան) դեպի ընտրատեղամաս և հետադարձ ուղղությամբ փոխադրման հետ կապված հարցերը և ծախսերը:
  • 19. Ինչպե՞ս են տեղավորվելու դիտորդներն ըստ տեղամասերի։
    Դիտորդների բաշխումը ըստ տեղամասերի կորոշվի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից:
  • 20. Որքանո՞վ է հնարավոր ապահովել դիտորդների անվտանգությունը:
    «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդներին տրամադրում է իրավաբանական և այլ տեսակի աջակցություն՝ աշխատելով դիտորդին առավելագույնը զերծ պահել որևէ վտանգավոր իրավիճակում հայտնվելուց:

Դիտորդ դառնալու ցանկության դեպքում գրանցվեք առցանց գրանցման համակարգում և կստանաք հավելյալ տեղեկատվություն ընտրությունների և դիտարկման այլ մանրամասների վերաբերյալ